Ինչին ենք մենք հավատում

Մենք քարոզում ենք` խաչյալ և հարուցյալ Քրիստոսը:
“Երանի այն ազգին, որի Աստվածը Տերն է”: – Սաղմոս 33:12

Երևանի (Հայաստանյաց) Ավետարանական Եկեղեցին հավատում է տիեզերական եկեղեցուն: Մենք հավատում ենք, որ չնայած տարբեր քրիստոնեական եկեղեցիների առկայության, նաև անվանական, ազգային, մշակութային տարբերություններին, նրանց միջև կա շատ կարևոր հոգևոր ընդհանրություն:

Մենք ամենքս միացած ենք Հիսուս Քրիստոսի անունով և փառք ենք տալիս Աստծուն, որ գոյություն ունեն տարբեր քրիստոնեական խմբեր: Փառք Աստծո, որ միության և եղբայրության հոգին գործում է նաև Հայաստանում: Երևանի Ավետարանական Եկեղեցում խոսքը, այսինքն՝ պատգամը, ամենակենտրոնական մասն է, մեր պաշտամունքի գերագույն բաղադրիչը: 

Ի վերջո, եկեղեցի գալու նպատակն Աստծուն պաշտելն է և Աստծո խոսքով քաջալերվելն ու Աստծո խոսքը սովորելը: Պատգամի միջոցով մարդը ետ է դառնում սխալ ճանապարհից ու Աստծո ճանապարհը բռնում: Աղանդների դեմ պայքարելու ամենակարևոր և հզոր միջոցը` ճշմարտությունը սովորեցնելն է, ոչ որևէ այլ բան, այսինքն՝ ճանաչել և ընդունել մեր նախահայրերի հավատամքը, Գրիգոր Լուսավորչի ճանաչած և մեզ մատուցած Հիսուս Քրիստոսին:

Եվ պատահական չէ, որ եկեղեցու պաշտամունքներն ընթանում են խնկարկություններով, շարականներով, խաչակնքումով:

ՀԱՄԵՑԵՔ ՄԵՐ ՊԱՇՏԱՄՈՒՆՔՆԵՐԻՆ

Ամառային ճամբար

Camp

Մեր հյուրն է

Jany Haddad-new

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԵՏ

ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՄԵՋ
«Տես ինչքա՜ն բարի և ինչքա՜ն ցանկալի է, որ եղբայրները իրար հետ մեկտեղ բնակվեն»:
                                                                                                            Սաղմոս 133:1
Երևանի (Հայաստանյաց) Ավետարանական Եկեղեցին հավատում է տիեզերական եկեղեցուն: Մենք հավատում ենք, որ չնայած տարբեր քրիստոնեական եկեղեցիների առկայության, նաև անվանական, ազգային, մշակութային տարբերություններին, նրանց միջև կա շատ կարևոր հոգևոր ընդհանրություն: Մենք ամենքս միացած ենք Հիսուս Քրիստոսի անունով և փառք ենք տալիս Աստծուն, որ գոյություն ունեն տարբեր քրիստոնեական խմբեր: Փառք Աստծո, որ միության և եղբայրության հոգին գործում է նաև Հայաստանում:
Հայաստանում եղած առաջին իսկ օրվանից համագործակցության շրջանակը հատկապես Մայր Եկեղեցու հետ աստիճանաբար ընդլայնվում և խորանում էր, որը բխում է մեկ ընդհանուր նպատակից, այն է՝ հոգալ ժողովրդի օրավուր աճող հոգևոր կարիքները: Մենք մեր օգնությունն ենք բերել Մայր Եկեղեցուն ավետարանական հոգով, առաքելական մոտեցմամբ՝ գնալ, քարոզել, աշակերտել, հովվել:
Մեր գործունեության հիմնաքարը մեր նախահայրերի կողմից որպես հավատքի հիմք ընդունված Նիկիական հանգանակն է, որով ընդունվում է Հիսուս Քրիստոսի աստվածայնությունը, մարդեղությունն ու Սուրբ Երրորդության գաղափարը: Մենք ընդունում ենք, որ եկեղեցին տիեզերական է, և բոլոր այն հավատացյալները, ովքեր ընդունում են Նիկիական հանգանակը՝ որպես հավատամք, անկախ եկեղեցական պատկանելությունից, տիեզերական եկեղեցու անդամներ են, որի գլուխը և առաջնորդը նրա հիմնադիր Տեր Հիսուս Քրիստոսն է: Նկատի առնելով այս ճշմարտությունը` ծառայում ենք մեկ Աստծո, մեկ ազգի և մեկ Եկեղեցու:
Այս նպատակով պետք է աճեցնենք մեր ազգը՝ միաբանության քայլեր անելով հոգևոր ասպարեզում: Անտեսելով երկրորդական տարբերությունները` ճշմարիտ վարդապետությամբ և էկումենիկ (տիեզերական) հոգով պիտի գնահատենք և զորացնենք նույնությունները: Այս բոլորն ուզում ենք իրագործել՝ մեր աջակցությունը և գործակցությունը բերելով ավելի քան 1700-ամյա պատմություն ունեցող Հայ Առաքելական Եկեղեցուն• միասնաբար, հավատարմորեն, կողք-կողքի ծառայելով Աստծո փառքի համար:
Երևանի Ավետարանական եկեղեցին հաճախ էր մասնակցում Մայր եկեղեցու ծիսակատարություններին, իր անդամներին մկրտում էր այնտեղ սուրբ մեռոնով: Իրապես օրհնություն է հոգևոր միության և եղբայրական սիրո գոյությունը Հայաստանի տարբեր եկեղեցիներում:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Ա-ի շնորհավորանքի և օրհնության խոսքը

ՔՄՄԾ-ի հոբելյանական տարեդարձին Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Ա-ի շնորհավորանքի և օրհնության խոսքն էր բերել Վազգեն Աբեղա Միրզախանյանը, ով ամբիոնից ընթերցեց Վեհափառի օրհնանքի խոսքը:

– Հարգարժան նախագահ Քրիստոնեական Մշակութային Միջազգային Ծառայությունների (Քրիստոնեական մշակութային կենտրոն) Լևոն Պարտագճյան, սիրելի հյուրեր, ներկաներ: Այստեղ եմ նվիրական մի առաքելությամբ, այն է՝ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը և իր հայրական ողջույնի խոսքը փոխանցելու ձեզ ամենքիդ և այս նվիրական ծառայությունը կատարող նվիրյալներին: Հիրավի մեծ ուրախություն և երջանկություն է, որ ամեն օր և ամեն տեղ հնչում է Տիրոջ անունը, և դաստիարակվում են սերունդներ, և այդ դաստիարակությունը համապատասխան է ավետարանական պատգամներին: Տեսնում ենք, որ այն վերածվում է մշակույթի, և այդ մշակույթը կրթում¸ դաստիարակում է ժողովուրդների: Եվ որքան ազգեր, և որքան ժողովուրդներ քրիստոնեական ավետարանով ոչ միայն կրթվեցին ու դաստիարակվեցին, այլ հիրավի ունեցան նաև իրենց գիրն ու գրականությունը: Հայոց Հայրապետն իր ողջ գործելակերպով, իր մտածումներով ողջունում է այն բոլոր գործունեությունները, որոնք նպաստում են մանուկների իրական քրիստոնեական և ազգային կրթությանը: Այն ամենը, որ նվիրական կերպով կրթում ու դաստիարակում է մանկանց բարոյական նկարագիրը, ողջունելի է, մանավանդ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու ոլորտից ներս, և մանավանդ նրա հետ գործակցաբար, որովհետև հայոց եկեղեցին, որպես նահատակ եկեղեցի, այս 1700 տարիների պաշտոնական գործունեության ընթացքում, կատարել է քրիստոնեական չորս կարևոր առաքելություն. քարոզել է Ավետարան, կրթել է ժողովուրդ, նպաստել գիտությանն ու կրթությանը, կատարել բարեսիրական գործունեություն: Այդ ամենի վկայությունն ինքը` պատմությունն է: Այսօր, սակայն, Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոչ միայն հպարտ է իր Առաքելական անունով, այլև հետամուտ է, որ յուրաքանչյուր անձ, ճանաչելով Քրիստոսին, պիտի ճանաչեցնի նաև ուրիշներին: Այս է առաքելությունը մեր, և այս առաքելության մեջ մեկ կարևոր սրբազան գործ ևս ունենք կատարելիք՝ մեր մատաղ սերնդի դաստիարակությունը, և այսօրվա այս հայտագիրը, որի մասնակիցներն ենք մենք ամենքս, այդ ամենի ապացույցն է: Նորին Սրբության օրհնությունները պարոն Պարտագճյանին իր այս հայաշունչ և նվիրական գործունեության համար, մաղթանքներ, որ այսուհետև այս գործունեությունը իրոք մի բարի լուրի նման թևածի և առաջ ընթանա, մանավանդ գործակցաբար մեր Մայր Եկեղեցու և այսօր արդեն իսկ գոյություն ունեցող քրիստոնեական դաստիարակության և քարոզչական կենտրոնի: Այս առումով մենք ևս ողջունում ենք այս բարի առաքելությունը, մաղթում ենք, որ Քրիստոս ինքն առաջնորդ լինի և իր լույսով լուսավորի մեր հոգիները:

Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական փոխանորդ Տեր Գարեգին Արքեպիսկոպոս Ներսիսյանի, այժմ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ողջույնի խոսքը հետևյալն էր.

– Ես մեծ գոհունակությամբ իմ մասնակցությունն եմ բերում այս հանդիսությանը, որի կազմակերպիչն է հարգարժան Լևոն Պարտագճյանը: Իմ ազնիվ ցանկությունները և բարեմաղթանքներն եմ հայտնում սիրելի Պարտագճյանին, որ միշտ յուրաքանչյուր աշխատանք, որ կատարվում է այս կենտրոնում, ունենա նման արդյունք:
Երեխաների հետ աշխատանքը, անշուշտ ունի իր առանձնահատկությունները, և մենք գիտենք, թե որքան նրբին է այն, քանի որ մենք էլ Արարատյան թեմում կատարում ենք նման գործեր: Բոլորս էլ պարտավոր ենք այնպես անել, որ մատաղ սերունդն ըմպի ազգային մաքուր ակունքներից, որպեսզի նրա դեմքը, ոգին, նկարագիրը, էությունը լինեն ազգային արժեքների, ավանդույթների, պատմության այլ նաև նորի ստեղծողը: Ես ուրախ եմ մեր սրբազան աղոթքների, շարականների, երգերի և սաղմոսների համար:
Լավագույն մաղթանքներս և գնահատանքի խոսքս եմ ուղղում երեխաներին, որոնք այդքան ջերմեռանդությամբ, այդքան նվիրումով և համարձակությամբ բեմի վրա ցուցադրում են իրենց շնորհքները, տաղանդը, ինչպես նաև կենտրոնի բոլոր աշխատակիցներին¸ և թող Աստված օրհնի բոլորին:

ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Մայր Աթոռ Սբ. Էջմիածին
1996թ. օգոստոսի 31-ին Հայաստանյաց Ավետարանական Եկեղեցին ծրագրել էր 72 հավատացյալների մկրտության արարողություն: Եկեղեցու խորհուրդը որոշել էր մկրտությունը կատարել Սևանա լճում և խնդրել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Ա-ին իր ներկայացուցիչն ուղարկել:
Մենք ուրախությամբ տեղեկացանք, որ Վեհափառը ոչ միայն հաճույքով ընդունել է մեր հրավերը, այլև առաջարկել, որպեսզի այդ արարողությունը տեղի ունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Արարողությունը ոչ միայն մկրտվողների հավատքի հաստատումն էր, այլև երկու եկեղեցիների միջև համագործակցության ու մերձեցման քայլ: Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը և Հայաստանյաց Ավետարանական Եկեղեցու հովիվ Լևոն Պարտագճյանը եղբայրական սիրով և Աստծո հոգով մկրտեցին հավատացյալներին: Այնուհետև Լևոն Պարտագճյանը բոլոր նոր մկրտվածներին ներկայացրեց Կաթողիկոսին. նա շնորհավորեց նրանց և ասաց. «Մեր աղոթքն է, որ Աստված շարունակի օրհնել այս երկու եկեղեցիների համագործակցությունը և նրանց հարաբերության զորացումը»:

Գեղարդը դարձավ 300 հավատացյալների հոգևոր ծննդավայր

1998թ. հոկտեմբերի 24-ին` շաբաթ օրը, վաղ առավոտյան յոթ ավտոբուսների շարասյունը պետավտոտեսչության աշխատակիցների ուղեկցությամբ Գեղարդի եկեղեցական համալիր հասցրեց Երևանի Ավետարանական Եկեղեցու հավատացյալներին և Քրիստոնեական Մշակութային Միջազգային Ծառայությունների երևանյան և մարզային՝ Գյումրիի, Դիլիջանի և Արցախի մասնաճյուղերի 500-ից ավելի անդամների, այդ թվում նաև փախստականների:
Ուխտագնացության նպատակը հերթական մկրտության արարողությունն էր Մայր եկեղեցու Գեղարդի վանքում:
Շուրջ 300 մեծ ու մանուկ հավատացյալ հայորդիներ, ճանաչելով Քրիստոսին, կնքվեցին բաց երկնքի տակ՝ Առաքելական և Ավետարանական եկեղեցիների համատեղ արարողությամբ: Մկրտության արարողությունը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հանձնարարականով կատարեցին Արսեն արք. Բերբերյանը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի վանահայրերը և Երևանի Ավետարանական Եկեղեցու հովիվ Վեր. դոկտ. Լևոն Պարտագճյանը:
Նման միջոցառումների անցկացումը մշտապես քաջալերվել է Մայր եկեղեցու կողմից՝ դառնալով բարի ավանդույթ շնորհիվ Վեր. Լևոն Պարտագճյանի:

Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

2001թ. նոյեմբերի 24-ին Երևանի Ավետարանական Եկեղեցու անդամներից քսանութ չափահասներ մկրտվեցին Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առթիվ Երևանում բացված նորակառույց Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:

Վեր. Պարտագճյանը որպես կնքահայր շատերին է մկրտել Մայր եկեղեցում:

2001թ-ին Երևանի Ավետարանական եկեղեցու հավատակիցները սովորույթի համաձայն մասնակցեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում ոտնալվայի արարողությանը և այլ արարողությունների:

ՔՄՄԾ-ի երեխաները և ծնողները պարբերաբեր առիթ են ունեցել մասնակցելու Առաքելական եկեղեցու կիրակնօրյա պատարագներին: Մեր Տերը, կարևորելով եղբայրությունն ու միաբանությունը, շեշտեց, որ այս երկուսն իրար միավորողը սերն է:

Եվ որպեսզի էլ ավելի զորացնի միաբանության ոգին, ասաց. «Որովհետև ուր որ երկու կամ երեք հոգի իմ անունովը ժողոված լինեն՝ ես այնտեղ նրանց մեջ եմ»: (Մատթ. 18:20)
Ինչպես Հիսուս Քրիստոսը խնդրեց Հորը Իր աշակերտների համար. «Որ ամենքը մեկ լինեն, ինչպես դու, Հայր, ինձանում, և ես՝ քեզանում, որ նրանք էլ մեզանում մեկ լինեն, որ աշխարհքը հավատա, թե դու ուղարկեցիր ինձ»: (Հովհ. 17:21), այնպես էլ մենք, հետևելով մեր Տիրոջ օրինակին, մեկ լինենք Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով:
Մայր Աթոռ Էջմիածնի բարձրաստիճան հոգևորականներից շատերը մասնակցել են հայ ժողովրդի հոբելյանական տոների առթիվ անցկացվող մեր միջոցառումներին, ամառային ճամբարի աշխատանքներին, ինչպես նաև պաշտամունքներին:
Այդ գործունեությունը քաջալերել և օրհնել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Ա և Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսները:
Այդ թվում Արսեն արք. Բերբերյանը (Գուգարաց թեմ), Ներսես արք. Պոզապալյանը (Մայր Աթոռի դիվանապետ), Գրիգորիս արք. Բունիաթյանը (Շիրակի թեմ), Ասողիկ եպս. Արիստակեսյանը (Սբ. Էջմիածին), Գարեգին արք. Ներսիսյանը (Արարատյան թեմ), հայր Աթանասը, Համազասպ քահանան, տեր Մխիթար Ալոյանը, հայր Կոմիտասը, Հրաչ սարկավագը (Աստվածաշնչյան ընկերություն), Եկեղեցասիրաց եղբայրակցության հովիվ Համլետ Զաքարյանը և Տեր Մեսրոպը (Իրան):
Տարբեր առիթներով այդ մերձավորությունը շեշտվել է նաև մայր եկեղեցու հոգևոր այրերի գնահատող ներկայությամբ ու սատարմամբ: Երևանի Ավետարանական Եկեղեցին իր հարկի տակ հյուրընկալել է արքեպիսկոպոսների, եպիսկոպոսների, և այլ հոգևոր այրերի, ովքեր քարոզել են եկեղեցում և բարձր գնահատել Երևանի Ավետարանական Եկեղեցու գործը:
Նշանակալից և հիշարժան են եղել Հայ Առաքելական Եկեղեցու սուրբ հայրերի հաճախակի հյուրընկալությունները Դիլիջանի ամառային ճամբարում, որտեղ նրանց ներկայությունը և մասնակցությունը Աստծու փառաբանությանը, հուսադրիչ խոսքը՝ ներշնչված Աստծո ոգով, կարծես նոր լիցք և նոր զորություն էին տալիս Հայաստանյաց Ավետարանական Եկեղեցու և Հայ Առաքելական Եկեղեցու երկկողմ հարաբերություններին՝ մեկ անգամ ևս ապացուցելով, որ մենք և որպես հայ, և որպես քրիստոնյա կարող ենք և պետք է համագործակցենք ի փառս Քրիստոսի, հայ ժողովրդի և հայ եկեղեցու:
Իր քարոզչությամբ Վեր. Լևոն Պարտագճյանն ակտիվ մասնակցություն է բերում Հայաստանում աղանդների դեմ պայքարին: Դեռևս 1993թ. Մայր Աթոռում Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի հավաքում նա հանդես է եկել «Աղանդները Հայաստանում» զեկուցումով: