Ուղիղ եթեր

ԱՅՑ ԱՌԱՋԻՆ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԵՐԿԻՐ
Հունիսի 24
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և Կաթոլիկ եկեղեցու հրավերով այսօր Հայաստան է ժամանել Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Հռոմի Պապի դիմավորման պաշտոնական արարողությունը: Սրբազան Քահանայապետին դիմավորել են Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ և Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, պետական պաշտոնյաներ, դիվանագետներ, Հայ Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների եպիսկոպոսներ:
Օդանավակայանում Ֆրանցիսկոս Պապին հայկական միջնադարյան շարականների կատարմամբ ողջունել են «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի սաները: Ազգային տարազով երեխաները Հռոմի Պապին մատուցել են հայկական ծիրան և լավաշ:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նախագահական սրահում Հանրապետության Նախագահի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ կարճատև զրույցից հետո, Սրբազան Քահանայապետը մեկնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ նախատեսված է Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը:

ՀՀ Նախագահի նստավայրում տեղի ունեցավ հանդիպում Սրբազան Քահանայապետի և ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ:

Այնուհետ տեղի ունեցավ Հռոմի պապի այցին նվիրված նամականիշի մարման արարողությունը, որն իրականացրին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը և Վատիկանի ներկայացուցիչը: Մեկ նամականիշով գեղաթերթիկը պատկերում է Ֆրանցիսկոս պապին:

Հանդիպումից հետո, տեղի ունեցավ ՀՀ Նախագահի և Սրբազան Քահանայապետի ողջույնի արարողությունը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ
ՀՌՈՄԻ ՍՐԲԱԶԱՆ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԻՆ՝
ՄԱՅՐ ՏԱՃԱՐՈՒՄ ՀՐԱՇԱՓԱՌԻ ԲԱՐԻԳԱԼՍՏՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
(Սուրբ Էջմիածին, 24 հունիսի, 2016 թ.)

Ձերդ Սրբություն, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս,
Գոհություն և փառք ենք մատուցում Աստծուն, որ այսօր Միածնաէջ այս սուրբ տաճարում եղբայրական սիրով ու աղոթքով ողջունում ենք Ձերդ Սրբությանը և Ձեզ ուղեկցող պատվիրակությանը: Խորապես զգացված ենք, որ Մեր հրավերին ընդառաջ՝ այցելեցիք Հայաստան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Հինավուրց այս տաճարը Աստծո հետ մեր ժողովրդի կնքած սրբազան ուխտի խորախորհուրդ վկայությունն է: Նվիրական այս սրբավայրում իջավ Հիսուս Քրիստոս և Իր Սուրբ Աջով հաստատեց Սուրբ Էջմիածինը՝ սրբություն սրբոցը համայն հայության: Աստվածային նախախնամությամբ հայոց երկրորդ Լուսավորիչ, առաքելապատիվ սուրբ Գրիգոր հայրապետի տեսիլքով ու անխոնջ ջանքերով նորոգվեցին սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալների քարոզությամբ մեր ժողովրդի սրտում վառված հավատքի կանթեղները: Այդ օրից ի վեր Սուրբ Էջմիածնից ճառագող լույսը միավորում է մեր ժողովրդին տապանակիր Արարատի շուրջ սփռված իր հայրենիքով, իր սրբություններով, իր պատմությամբ: Անչափ ուրախ ենք, որ այսօր միածնաէջ այս սուրբ տաճարում ի փառս Աստծո միավորվում են սուրբ Պետրոս և սուրբ Թադեոս ու սուրբ Բարդուղիմեոս առաքյալների Աթոռների գահակալներիս աղոթքները՝ հայցելով մեր հավատացելոց և ողջ աշխարհի համար խաղաղություն, սիրո ու եղբայրության ամուր ոգի և համագործակցության արգասավորում:
Այս պահին ջերմ զգացումներով ենք հիշում 2001 թվականին քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյակի առիթով սուրբ Հովհաննես Պողոս Բ Պապի այցը Հայաստան: Այն սուրբ Պետրոսի Աթոռի Գահակալի առաջին այցելությունն էր մեր երկիր, որը մեր Եկեղեցիների եղբայրական հարաբերություններում գործակցության նոր խթան հանդիսացավ: Մեր Եկեղեցիների եղբայրական հարաբերությունների առավել սերտացման գործում նշանակալի ավանդ եք բերել նաև Դուք՝ Ձեր ծառայագործության հանգրվաններում առանձնակի ջերմություն դրսևորելով Հայ Եկեղեցու և մեր ժողովրդի նկատմամբ: Ձերդ Սրբության այցելությունը նոր վկայություն է մեր Եկեղեցիների եղբայրության և գործակցության, որը երկուստեք զորացնում է հայ առաքելական ու կաթոլիկ հավատացյալներին և տոգորում լավատեսությամբ, որ մեր կյանքում առավել զգալի պիտի լինեն քրիստոնեական սիրով շաղախյալ մեր հավատքի վկայությունները:
Մեր ժողովրդի զավակները երախտագիտությամբ են հիշում Սուրբ Պետրոս Մայր Տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցած Ձեր հանդիսավոր պատարագը՝ ցեղասպանությունը դատապարտող պատմական ճառով: Գոհություն ենք հայտնում Աստծուն, որ այսօր այստեղ Ձերդ Սրբության, Կաթոլիկ Եկեղեցու զավակների, Ձեր այցի առիթով տարբեր երկրներից Հայաստան ժամանած բազմաթիվ հայորդյաց ու հայրենաբնակ մեր ժողովրդի հետ միասնաբար կարող ենք աղոթել և հայցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսությունը, որոնց արյան վկայությունը ոչ միայն հայոց, այլ նաև քրիստոնեական ընդհանուր հավատքի հաղթանակի հավաստիքն է: Ինչպես առաքյալն է ասում՝ շատերի գոհությամբ առատացած շնորհը ավելանում է ի փառս Աստծո (Հմմտ. Բ Կորնթ. Դ15):
Հայոց ցեղասպանության և խորհրդային աստվածմերժության տարիների ավերներից հետո այսօր հայրենի անկախ պետականության պայմաններում մեր Եկեղեցին հոգևոր նոր զարթոնք է ապրում՝ ազատորեն իրականացնելով տերունավանդ իր առաքելությունը մեր ժողովրդի կյանքում: Մեր Եկեղեցին նաև առավել մասնակցություն է բերում համաքրիստոնեական կյանքին՝ խորին համոզումով, որ աշխարհում առկա հոգևոր, քաղաքական, տնտեսական ու մարդասիրական ճգնաժամերի խորացման այս ժամանակաշրջանում առավել քան կարևորվում է Քույր Եկեղեցիների միասնական աղոթքն ու գործակցությունը հանուն Քրիստոսի Սուրբ Եկեղեցու առաքելության արգասավորման, աշխարհում հոգևոր-բարոյական արժեքների պահպանման ու արժևորման, մերձավորի հանդեպ սիրո զորացման, որոնցով կյանքում կարող են մարմնավորվել ապահովության և բարօրության իրական արդյունքները:
Աղոթք ենք բարձրացնում Քրիստոսի Սուրբ Եկեղեցու հաստատունության և պայծառության, մեր Տիրոջ պարգևած սիրո ու հաճության ոգու տարածման և աշխարհում խաղաղության ու համերաշխ կյանքի ամրապնդման համար: Հայցում ենք Ձերդ Սրբությանը Տիրոջ զորակցությունը և մաղթում ընդ երկայն աւուրս քաջառողջ, արդյունազարդ գահակալություն՝ ի պայծառություն Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու և ի մխիթարություն հավատացելոց:
Բարի եք եկել աստվածաշնչյան երկիր Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Մեր Տիրոջ և Փրկչի Հիսուս Քրիստոսի ողորմությունը, շնորհներն ու օրհնությունը թող լինեն մեզ հետ և ամենքի. ամեն:

ՍՐԲԱԶԱՆ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ ՖՐԱՆՑԻՍԿՈՍԻ ՊԱՊԻ ԽՕՍՔԸ
Ս. ԷՋՄԻԱԾԻՆ
Մեծարգոյ Եղբայր,
Ծայրագոյն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց,
Սիրելի եղբայրներ և քոյրեր ի Քրիստոս:

Յուզումով ոտք դրեցի ձեր ժողովրդի պատմութեան վկայի, նրա հոգեկանութեան լուսաշող կենտրոնի, այս սրբազան վայրի շեմին. և Աստծու թանկագին պարգեւն եմ համարում, որ կարողացայ մօտենալ սուրբ սեղանին՝ որից Քրիստոսի լոյսը սփռուեց Հայաստանում: Ողջունում եմ Ամենայն Հայոց Կաթողիկոս՝ Նորին Սրբութիւն Գարեգին Բ-ին, շնորհակալութիւն յայտնելով Ս. Էջմիածին այցելելու հաճելի հրաւէրի համար. Հայ Առաքելական Եկեղեցու Արքեպիսկոպոսներին եւ Եպիսկոպոսներին, և շնորհակալութիւն եմ յայտնում բոլորին՝ սրտագին եւ ցնծալի ընդունելութեան համար, որ ինձ պարգեւեցիք: Շնորհակալութիւն, Ձերդ Սրբութիւն, ինձ՝ Ձեր տանը հիւրընկալելու համար. սիրոյ այս նշանը բառերից շատ աւելի պերճախօս կերպով արտայայտում է, թէ ինչ է նշանակում ընկերութիւնն ու եղբայրական սէրը:
Այս հանդիսաւոր առիթով Տիրոջ գոհութիւն եմ մատուցում ձեր երկրում վարած հաւատի լոյսի համար. հաւատ՝ որ Հայաստան աշխարհին տուեց իր ուրոյն ինքնութիւնը և նրան Քրիստոսի պատգամաբերը կարգեց Ազգերի մօտ: Քրիստոս է Ձեր փառքը, Ձեր լոյսը, արեգակը՝ որ Ձեզ լուսաւորեց եւ նոր կեանք պարգեւեց, որ Ձեզ ուղեկցեց եւ սատարեց յատկապէս մեծագոյն փորձութիւնների պահերին: Խոնարհւում եմ Տիրոջ ողորմութեան առաջ, որ կամեցաւ Հայաստանը լինէր առաջին Ազգը, 301 թուականից, ընդունելու Քրիստոնէութիւնը որպէս իր կրօնը, այնպիսի ժամանակաշրջանում՝ երբ հռոմէական կայսրութեան մէջ դեռ բորբոքւում էին հալածաքները:
Քրիստոսի հաւատը Հայաստանի համար չի եղել որպէս զգեստ՝ որ կարելի է հագնել կամ հանել, պարագաների կամ առիթների համաձայն, այլ սեփական ինքնութեան բաղկացուցիչ իրականութիւն, գերազանց պարգեւ՝ ուրախութեամբ ընդունելի և ժրաջանութեամբ եւ ուժով պահպանելի: Ինչպէս գրեց սուրբ Յովհաննէս Պօղոս Բ-ը, «հայ հասարակութեան «Մկրտութեամբ» […] ծնունդ է առնում ժողովրդի նոր ինքնութիւն, որ հայ լինելու անբաժանելի եւ բաղկացուցիչ մաս է դառնալու: Այդ պահից այլեւս անհնար է մտածել, որ տուեալ ինքնութեան բաղադրիչների շարքին տեղ չգտնի Քրիստոսի հաւատը, որպէս էական բաղկացուցիչ» (Առաքելական նամակ հայ ժողովրդի մկրտութեան 1700 յոբելեանի առիթով [2 Փետրուար 2001], 2): Տէրը թող օրհնի ձեզ՝ հաւատի այս լուսաւոր վկայութեան համար, որ օրինակելի կերպով ապացուցում է առաւել քան հազարեօթհարիւր տարի առաջ ընդունած Մկրտութեան հզօր արդիւնաւէտութիւնն ու բեղունութիւնը, մարտիրոսութեան պերճախօս եւ սուրբ նշանով, որ ձեր ժողովրդի պատմութեան կայուն մասնիկն է դարձել:
Գոհութիւն եմ մատուցում Տիրոջ նաեւ այն ընթացքին համար որ Կաթողիկէ Եկեղեցին եւ Հայ Առաքելական Եկեղեցին կատարեցին եղբայրական եւ անկեղծ երկխօսութեան միջոցով, հասնելու համար լիարժէք կիսելու գոհութեան Սեղանը: Սուրբ Հոգին թող օգնի մեզ իրականացնելու այն միութիւնը, որի համար աղօթեց մեր Տէրը, որպէսզի իր աշակերտները մի լինեն եւ աշխարհը հաւատայ: Ինձ հաճելի է յիշել այժմ, մեր երկու Եկեղեցիների միջեւ յարաբերութիւնների խորացման եւ երկխօսութեան ամրապնդման՝ վերջերս տրուած վճռորոշ մղումը, Նորին Սրբութիւններ Վազգէն Ա-ի եւ Գարեգին Ա-ի եւ սուրբ Յովհաննէս Պօղոս Բ-ի եւ Բենեդիկտոս ԺԶ-ի կողմից: Համամիութենական այս ջանքերի յատկապէս նշանակալից փուլերի շարքին յիշում եմ Ի դարու հաւատի Վկաների յիշատակութիւնը, 2000 թուականի Մեծ Յոբելեանի շրջանակներում. Ձերդ Սրբութեան յանձնումը քրիստոնեայ Հայաստանի Հօր՝ Ս. Գրիգոր Լուսաւորչի մասունքից՝ Երեւանի նորակառոյց Տաճարի համար. Նորին Սրբութիւն Յովհաննէս Պօղոս Բ-ի եւ Ձերդ Սրբութեան ստրոգրած համատեղ Յայտարարութիւնը՝ ճիշտ այստեղ, Սուրբ Էջմիածնում. ինչպէս նաեւ Ձերդ Սրբութեան կատարած այցերը Վատիկան, կարեւոր պահերի եւ յիշատակութիւնների առիթով:
Դժբախտաբար աշխարհը բաժանումներով եւ ընդհարումներով է խառանուած, ինչպէս նաեւ նիւթական եւ հոգեւոր աղքատութեան ծանր վիճակներով, ներառեալ մարդկանց, նոյնիսկ երեխաների եւ ծերերի չարաշահումը, եւ ակնկալում է քրիստոնեաներից փոխադարձ գնահատման եւ եղբայրական համագործակցութեան վկայութիւն, որպէսզի կրկին փայլի ամէն խղճի առաջ Քրիստոսի Յարութեան զօրութիւնն ու ճշմարտութիւնը: Համբերատար եւ մշտանորոգ ջանքը դէպի լիարժէք միութիւն, համատեղ ձեռնարկների հզօրացումը եւ ի տես հասարակաց բարիքի, Տիրոջ բոլոր աշակերտների մէջեւ համագործակցութիւնը՝ նման են փայլակնացայտ լոյսի՝ խաւարամած գիշերուան մէջ, եւ կանչ է ապրելու սիրով եւ նոյնիսկ տարբերութիւնների փոխըմբռնմամբ: Համամիութենական ոգին օրինակելի է դառնում նաեւ եկեղեցական հասարակութեան տեսանելի սահմաններից դուրս, եւ բոլորի համար ներկայացնում է մի զօրաւոր կոչ՝ տարակարծութիւնները յարդելու երկխօսութեամբ եւ արժեւորելով այն՝ ինչ միացնում է: Համամիութենական ոգին միաժամանակ արգելում է հաւատի չարաշահումն ու շահարկումը, որովհետեւ պարտաւորեցնում է յայտնաբերել նրա հարազատ արմատները, հաղորդել, պաշտպանել եւ տարածել ճշմարտութիւնը՝ իւրաքանչիւր մարդկային էակի արժանապատւութեան պահպանմամբ, եւ այնպիսի ձեւերով, որոնցից թափանցի այն սիրոյ եւ փրութեան ներկայութիւնը՝ որ ցանկանում ենք սփռել: Այսպէս, համոզիչ վկայութիւն ենք տալիս աշխարհին – որ նրա ահաւոր կարիքն ունի –, թէ Քրիսոտոս կենդանի է եւ գործուն, կարող՝ ազգերի, մշակոյթների եւ կրօնների միջեւ միշտ նորանոր հաշտութեան ճանապարհներ բացելու: Վկայում ենք եւ հաւատացնում որ Աստուած սէր է եւ գթասրտութիւն:
Սիրելի եղբայրներ, երբ մեր գործը ներշնչուած է եւ մղուած Քրիստոսի սիրոյ ուժով, զարգանում են փոխադարձ ճանաչումն ու համարումը, ստեղծւում են լաւագոյն պայմաններ համամիութենական պտղաբեր ընթացքի, եւ միաժամանակ, մատնանշւում է իւրաքանչիւր բարի կամք ունեցող անձի եւ ամբողջ հասարակութեան՝ առարկայական երթեւեկելի ճանապարհ՝ ներդաշնակելու համար հակամարտութիւնները, որ պատառոտում են քաղաքակիրթ կեանքը եւ փորում են դժուար բուժուող բաժանումներ: Ամենակարողն Աստուած, մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը, բարեխօսութեամբ ամենասրբուհի Մարիամի, «սիւն լուսոյ Հայաստանեայց Եկեղեցւոյ» Գրիգոր Լուսաւորչի եւ Եկեղեցու Վարդապետ սուրբ Գրիգոր Նարեկացու, օրհնի բոլորդ եւ ամբողջ Հայ Ազգը եւ միշտ պահպանի այն հաւատի մէջ որ ստացել է հայրերից եւ փառաւոր վկայութիւն տուել դարեդար:

ՍՐԲԱԶԱՆ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԻ ԽՈՍՔԸ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ
24 հունիսի 2016թ.

Պարոն Նախագահ,
Հարգարժան պետական այրեր,
Պատվարժան դիվանագետներ,
Տիկնայք և Պարոնայք,

Մեծ ուրախություն է ինձ համար գտնվել այստեղ, հպվել այս հույժ սիրելի հայկական աշխարհի հողին, այցելել հինավուրց և հարուստ ավանդույթներ ունեցող մի ժողովրդի, ով քաջությամբ է վկայել իր հավատքը, ով շատ է տառապել, բայց վերածնվել է միշտ։

« …Մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե, Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ, … հազարամյա քարն … աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր» (Եղիշե Չարենց, «Ես իմ անուշ Հայաստանի»): Սրանք մի քանի հզոր պատկերներ են, որոնք Ձեր հռչակավոր բանաստեղծը մեզ է ընծայում՝ լուսավորելու համար մեզ Հայաստանի պատմության խորության և բնության գեղեցկության մասին: Դրանք քիչ խոսքերի մեջ ամփոփում են մի ամբողջ ժողովրդի փառավոր և ողբերգական փորձառության արձագանքն ու խտությունը և տոգորող սերը Հայրենիքի հանդեպ:
Սրտանց երախտապարտ եմ Ձեզ, պարոն Նախագահ, Հայաստանի Կառավարության և բնակչության անունից ինձ ուղղված Ձեր բարի գալուստի սիրալիր խոսքերի համար, ինչպես նաև ինձ հնարավորություն ընձեռելու համար՝ Ձեր ազնիվ հրավերի շնորհիվ, փոխադարձելու անցյալ տարի Վատիկան կատարած Ձեր այցը, երբ Սուրբ Պետրոսի տաճարում՝ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի, և Տանն Կիլիկիո Կաթողիկե հայոց Պատրիարք երջանկահիշատակ Ն.Ե.Ներսես Պետրոս XIX-ի հետ միասին, ներկա գտնվեցիք հանդիսավոր արարողությանը։ Այդ առիթով հիշատակվեց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցը, որը հարվածեց ձեր ժողովրդին և որը անչափ անհամար զոհեր պատճառեց։ Այդ ողբերգությունը, ցավոք, գլխավորեց անցյալ դարի անմարդկային աղետների տխուր ցուցակը, որոնք իրականացվեցին ցեղապաշտական, գաղափարախոսական և կրոնական մոլորեցնող շարժառիթներով և որոնք մթագնեցին մարդասպանների միտքը, ովքեր նպատակադրվեցին ոչնչացնելու մինչև իսկ ամբողջ ժողովուրդներ։

Հարգանքի իմ տուրքն եմ մատուցում հայ ժողովրդին, ով լուսավորված Ավետարանի լույսով, նույնիսկ իր պատմության ամենաողբերգական պահերին, Քրիստոսի Խաչի և Հարության մեջ է գտել կրկին վեր հառնելու ուժը և արժանապատվությամբ վերսկսելու իր ուղին։ Սա ապացուցում է, թե որքան խորն են քրիստոնեական հավատքի արմատները և մխիթարության ու հույսի ինչ անհատնում գանձ են թաքցնում։ Մեր աչքի առաջ ունենալով անցյալ դարի ատելության, նախապաշարմունքի և տիրելու անսանձ փափագի պատճառած աղետաբեր հետևանքները, ի սրտե մաղթում եմ, որպեսզի մարդկությունը ունակ լինի դաս քաղելու այդ ողբերգական փորձառություններից, գործելու պատասխանատվությամբ և իմաստությամբ՝ նման սարսափների մեջ կրկին չընկնելու վտանգը կանխելու նպատակով։ Պետք է, հետևաբար, բազմապատկվեն բոլորի ջանքերը, որպեսզի միջազգային բանավեճերում գերակայությունը տրվի երկխոսությանը, խաղաղությանը հասնելու կայուն և անկեղծ պրպտումին, պետությունների միջև երկխոսությանը և միջազգային մարմինների վստահության մթնոլորտ կառուցելու մշտական ջանքերին՝ մնայուն համաձայնությունների հասնելու նպատակով։

Կաթոլիկ Եկեղեցին ցանկանում է ակտիվորեն համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր սրտի մոտ են ընդունում քաղաքակրթությունների ճակատագրերը և մարդու իրավունքների հանդեպ հարգանքը՝ աշխարհում հոգևոր արժեքների գերակայությունը ապահովելու համար՝ դիմակազերծելով բոլոր նրանց, ովքեր աղավաղում են դրանց իմաստն ու գեղեցկությունը։ Այս կապակցությամբ, կենսական կարևորություն ունի այն, փաստը, որ բոլոր նրանք ովքեր հայտարարում են իրենց հավատը Աստծու հանդեպ, միատեղեն իրենց ուժերը՝ մեկուսացնելու բոլոր նրանց, ովքեր կրոնը ծառայեցնում են պատերազմական ծրագրեը առաջ տանելուն, հարստահարությանը և բռնի հալածանքին՝ գործիք դարձնելով և շահարկելով Աստծո Սուրբ Անունը։

Այսօր, հատկապես քրիստոնյաները, գուցե առավել, քան առաջին մարտիրոսների ժամանակներում, որոշ տարածքներում խտրականության զոհ են և հալածվում են սոսկ իրենց հավատը դավանելու համար, մինչդեռ բազմաթիվ հակամարտություններ աշխարհի տարբեր վայրերում դեռևս դրական լուծումներ չեն գտել, պատճառելով սուգ, ավերածություններ և ժողովուրդների պարտադրված գաղթ։ Անհրաժեշտ է, ուստի, որպեսզի ազգերի ճակատագրերի համար պատասխանատուները, քաջ կերպով և առանց հապաղելու միջոցներ ձեռնարկեն այդ տանջանքներին վերջ դնելու նպատակով՝ առաջնայնությունը տալով խաղաղությանը հետամուտ լինելուն, բռնությունների և հետապնդումների թիրախ դարձածների պաշտպանությանը և հյուրընկալմանը, արդարության խթանմանը և կայուն զարգացմանը։ Հայ ժողովուրդն անձամբ է վերապրել նման իրավիճակ. ծանոթ է տառապանքին ու ցավին, ծանոթ է հալածանքին, իր հիշողության մեջ պահում է ոչ միայն անցյալի վերքերը, այլ նաև ոգին, որը թույլ տվեց ամեն անգամ նորից սկսելու: Այդ իմաստով քաջալերում եմ նրան, որպեսզի երբեք չդադարի իր արժեքավոր ներդրումը բերել միջազգային հանրությանը:

Այս տարի լրանում է Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձը: Երջանիկ պահ է՝ ուրախանալու և առիթ՝ հիշելու նվաճած ձեռքբերումները և առաջադրելու նորանոր նպատակներ: Այս ուրախ հոբելյանի տոնակատարությունները առավել իմաստալից կլինեն, եթե բոլոր հայերի համար՝ Հայրենիքում թե սփյուռքում, այն ուժերը համախմբելու և համակարգելու յուրահատուկ պահ հանդիսանա՝ երկրի քաղաքացիական և հասարակական հավասարակշիռ ու համապարփակ զարգացումն ապահովելու նպատակով։ Խոսքը անընդհատ զգոն լինելու մասին է, որպեսզի երբեք չթերանանք բոլորին հավասար արդարության և տկարներին ու տարաբախտներին զորակցության բարոյական հրամայականներին: (Հմմտ. ՅՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍ Բ, «Հայաստանից հրաժեշտի ուղերձ», 27 սեպտեմբերի 2001թ., «Ուսուցումներ ԻԴ», 2 [2001], 489): Ձեր երկրի պատմությունը համաքայլ է ընթանում դարերի հոլովույթում պահպանված իր քրիստոնեական ինքնության հետ: Այդ ինքնությունը, հեռու է պետության առողջ աշխարհիկությանը խոչընդոտելուց, ավելին, պահանջում և սնուցում է այն՝ խրախուսելով հասարակության բոլոր քաղաքացիների մասնակցությունը դրան, կրոնի ազատությունը և փոքրամասնությունների նկատմամբ հարգանքը: Բոլոր հայերի համախմբվածությունը և հարևան որոշ երկրների հետ լարվածությունը հաղթահարելուն ուղղված օգտակար ճանապարհներ գտնելու հարաճուն պարտավորվածությունը շատ ավելի կհեշտացնեն իրականացնելու այս կարևոր նպատակները՝ սկզբնավորելով Հայաստանի համար ճշմարիտ վերածննդի դարը:

Կաթոլիկ եկեղեցին, իր հերթին, երկրում մարդկային սահմանափակ քանակով ներկա լինելով հանդերձ, ուրախ է բերել իր ներդրումը հասարակության աճին, հատկապես իր աշխատանքով՝ ուղղված ամենատկարներին և ամենաաղքատներին, առողջապահական և կրթական բնագավառներում և հատկապես բարեգործության ոլորտում, ինչպես դա են վկայում արդեն 25 տարի գործող Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի, Երևանի կրթօջախի գործունեությունը, Հայկական Կարիտասի նախաձեռնությունները և Գյումրիի «Տիրամայր Հայաստանի» մենաստանի կողմից իրականացվող գործունեությունը:

Աստված օրհնի և պահպանի Հայաստանը՝ հավատով, նահատակների քաջությամբ, հույսով՝ ցավից առավել զորավոր, լուսավորված այս հողը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը
ՀՀ իշխանությունների, հասարակայնության և Երևանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ Հռոմի Սրբազան Քահանայապետ
Ֆրանցիսկոս Պապի հանդիպման ժամանակ
Երևան, 24 հունիսի 2016թ․

Ձե՛րդ Սրբություն,
Սրբազա՛ն Հայրեր,
Հարգելի՛ ներկաներ,
Այսօր Աստված մեզ յուրահատուկ օր է պարգևել:
Մեր ժողովրդի և անձամբ ինձ համար մեծագույն պատիվ է ողջունել կաթոլիկ աշխարհի առաջնորդ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին քրիստոնեությունն աշխարհում առաջինը պետականորեն ընդունած և հանուն քրիստոնեական ինքնության ու արժեքների հազարամյա մաքառումներով անցած հայոց հողում։
Ձե՛րդ Սրբություն, Ձեր այցը երկար սպասված էր մեր երկրում։ Սիրո և խաղաղության, գթասրտության համա¬մարդ¬¬կային արժեք¬նե¬րի և մարդասիրական գաղափար¬ների նկատմամբ Ձեր հավատարմությամբ և հայությանը հուզող հարցերի հանդեպ Ձեր մշտական հոգածությամբ Դուք վայելում եք հայ ժողովրդի մեծ հարգանքն ու հիացմունքը։
Շնորհակալ ենք ջերմությամբ լի պատմական այս պահը բոլորիս պարգևելու համար։ Շնորհակալ ենք, որ Ձեր ներկայությամբ օրհնություն, երջանկություն ու խաղաղություն եք բերում մեր երկիր, ջերմությամբ լցնում մեր օջախներն ու մեր սրտերը։ Ձեր կողմից որպես այցի նշանաբան` «այց առաջին քրիստոնյա երկիր» պաշտոնական կարգախոս հաստատելը և ուղևորությունն «ուխտագնացություն» բնորոշելը վկայում է մեր երկրի և հայ ժողովրդի հանդեպ Ձեր հոգածության, ինչպես նաև կաթոլիկ և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև առանձնահատուկ կապի մասին: Մենք շնորհակալ և երախտապարտ ենք Ձեզ դրա համար:
Հարգարժա՛ն հյուրեր,
15 տարի առաջ՝ 2001 թվականին, Նորին Սրբություն Հռոմի Պապ Սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդի այցը Հայաստան մեր երկրում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի առթիվ էր։ Այսօր Ֆրանցիսկոս Պապի այս պատմական այցը նշանավորում է մեկ այլ հիշարժան տարելից՝ Հայոց անկախ պետականության վերականգնման 25-ամյակը, տոն, որ յուրաքանչյուր հայի համար նվիրական է։
Հայ ժողովուրդն իր հազարամյա պատմական սլացքում շատ դժվարություններ է տեսել՝ ցեղասպանությունից, օտարի բռնատիրությունից ու բարեկամի անտարբերությունից մինչև ժխտողականություն: Տեսել է, սակայն չի կորցրել մարդասիրության, հանդուրժողականության ու համերաշ¬խութ¬յան գաղափարներին հավատալու իր կարողությունը։ Եվ չի կորցրել իր հավատի, դավանած արժեքների, խաղաղասիրության ու նաև մեզ ձեռք մեկնած ու սատար կանգնած մեծ հումանիստների շնորհիվ։
Ինչպե՞ս չհավատալ արդարության հաղթանակին, երբ անգամ 1915-ը 2015-ից բաժանող 100-տարիներից հետո կաթոլիկ աշխարհի սրտից աշխարհին է ուղղվում արդարադատ այն ուղերձը, որ մարդկությանը պատուհասած զանգվածային ոճիրներից առաջինը՝ Հայոց ցեղասպա¬նութ¬յունը պատմական փաստ է և անհերքելի իրողություն. երբ անկախ ամեն ինչից կեղծիքն ու ժխտողականությունը սկսում են երերալ պատմական արդարության առաջ։ Հայոց ցեղասպանության ճանաչման նոր ալիքը, որ հաջորդեց Ֆրանցիսկոս Պապի կողմից մատուցված պատարագին հենց դա վկայեց։
Մենք մեղավորներ չենք փնտրում, մենք մեղադրանքներ չենք սփռում, պարզապես ցանկանում ենք, որ իրերն իրենց անունով կոչվեն, ինչը թույլ կտա երկու հարևան ժողովուրդներին, ճանաչելով անցյալը, ներողամտությամբ ու մաքուր խղճով շարժվել դեպի իրական հաշտություն և համատեղ բարեկեցիկ ապագա։
Ձե՛րդ Սրբություն,
Սիրելի՛ ներկաներ,
301 թվականին քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու հայ ժողովրդի որոշումը, անշուշտ, կարևոր իրադարձություն էր համաշխարհային պատմության մեջ։ Սակայն հայ ժողովրդի համար այն առավել քան ճակատագրական եղավ․ քրիստոնեական հավատը դարձավ հայոց ինքնության դրոշմը՝ պայմանավորելով թե՛ մեր պատմական ուղին, թե՛ այն արժեքներն ու կենսամշակույթը, որ մեզ ուղղորդեցին դեպի 21-րդ դար, դեպի ներկա, դեպի այս ակնթարթը։
Քրիստոնեության արմատները շատ խորն են հայոց հողում և հայ մարդու մեջ։ Հավատարիմ մնալ քրիստոնեությանը՝ սա է հայ ժողովրդի կարևոր նկարագիրը․ պատահական չէ, որ աշխարհի գրեթե բոլոր երկրներում կարելի է հանդիպել հայկական եկեղեցիների ու խաչքարերի։ Պատահական չէ նաև, որ կաթոլիկ եկեղեցու բարձրա¬գույն՝ «Տիեզերական Եկեղեցու վարդապետ» տիտղոսին արժանացավ և քրիստոնեության 36 մեծագույն մտածողների շարքը համալրեց մեր ժողովրդի մեծագույն զավակներից մեկը՝ Սուրբ Գրիգոր Նա¬րեկացին: Դա մեծ պատիվ էր, ազգային արժևորման կարևոր իրադարձություն, որը եկավ կրկին փաստելու, որ Հայաստանին և Սուրբ Աթոռին միավորող կապերը բխում են նույնակունք քրիստոնեական արժեհամակարգից:
Քրիստոնեությունը մեզ համար ոչ միայն դավանանք է, այլև կենսակերպ. այն հայ ժողովրդի մեջ արմատավորել է խաղաղությամբ ապրելու ձգտումը և դժվարությունները զսպվածությամբ ու պատվով հաղթահարելու փիլիսոփայությունը: Եվ որքան մենք ավելի քրիստոնյա ենք դարձել, այնքան ավելի ենք հարգել ու արժևորել այլոց դավանանքը, այնքան ավելի հանդուրժող ու խաղաղասեր ենք դարձել, կարողացել ենք համերաշխ ապրել այլ ժողովուրդների հետ, ինչպես նաև՝ առավել խնամքով մեր հողում պահել այլոց հոգևոր-մշակութային արժեքները։
Միջկրոնական բարեկամական հարաբերությունների օրինակները շատ են. Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության համագործակցությունը ակնառու օրինակ է, կամ հենց նույն Մերձավոր Արևելքում մինչև վերջին տարիների անբարենպաստ զարգացումները հայ համայնքների խաղաղ ու ծաղկուն գոյությունը, ներդաշնակ համագոյակ¬ցությունը հյուրընկալ ժողովուրդների, ազգային ու կրոնական փոքրամաս¬նությունների հետ դրա լավագույն ապացույցն են: Մենք խոր ցավով ենք հետևում Մերձավոր Արևելքում վանդալիզմի ու այլատյացության դրսևորումներին, որի միակ նպատակը այդ տարածքներից մշակութային սպանդի միջոցով պատ¬մական հիշողության վերացումն է:
Ձե՛րդ Սրբություն, ինչպես իրավացիորեն նկատել եք ապրիլի 12-ի Ձեր ելույթում, մեր այս բարդ տարածաշրջանի ժողովուրդները խաղաղության կարիք ունեն, խոսքն այն ժողովուրդների մասին է, որ անցյալում, չնայած տարա¬ձայնություններին և ճնշումներին, համատեղ խաղաղ կյանքի երկարատև ժամանակահատվածներ են ունեցել, նույնիսկ դժվարությունների մեջ աջակցել միմյանց։
Այսօր էլ Հայաստանը խաղաղության է ձգտում, մեզ համար ցանկացած դեպքում խաղաղ բանակցելը գերադասելի է, քան կրակելը։ Մենք պատրաստ ենք տարածաշրջանային խաղաղ համագոյակ¬ցութ¬յան, որքան էլ որ դեպի խաղաղություն տանող ճանապարհը դարձել է խրթին ու դժվարանցանելի: Գուցե այն պատճառով, որ տևական խաղաղության հիմքում ժողովուրդների ազա-տության ու ազատ կամընտրության գաղափարն է։
Ձե՛րդ Սրբություն, լիովին համամիտ եմ, որ «Խաղաղությունը որքան Աստծո պարգևն է, նույնքան էլ մարդկային ձեռքբերում է»։ Ես հավատում եմ մարդկային ձեռքբերումներին, ամեն մի վայրկյան սեփական կյանքի գնով խաղա¬ղութ¬յուն պահպանող¬նե¬րին, խաղաղություն պարտադրողներին:
Ես լավատես եմ. ես հավատում եմ, որ ազատության և խաղա¬ղության մասին մարդկության՝ դարերով փափագած երա¬զանքները մի օր իրականություն են դառնալու:
Բարով եք եկել առաջին քրիստոնյա երկիր: